National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Փարիզում
1 / 10

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը եւ Արմեն Ռուստամյանը: Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այսօր այդ հարաբերությունները հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջեւ առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է նաեւ, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաեւ Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992 թվականի փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է դարձել տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ բնագավառներում սերտ եւ արդյունավետ համագործակցության համար: Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Խոսելով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Խորհրդարանի նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ տարածաշրջանը պահելով լարված վիճակում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից: Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետեւողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման եւ դրա ընդունման հարցում:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Սենատ այցելելու համար եւ վստահեցրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի Երեւանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղկեպսակ  են դրել Կոմիտասի արձանի առջեւ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am